Շուտով նորից ենք ընտրություն կատարելու, ևս մեկ անգամ՝ արտահերթ։ Նորից լսելու ենք մեր համայնք եկած թեկնածուներին։ Մեր տուն տարբեր կապերով ու մեդիայի միջոցներով մտնելու է քարոզարշավը։ Մեկին ընտրելու ենք, որ ապրենք, մյուսին՝ որ հավատանք ապագայի գոյությանը, երրորդին՝ որ ուժեղ լինենք և այլն, և այլն։ Բայց մինչ այդ եկեք ծանոթանանք խաղի կանոններին․ այս դեպքում՝ Կուսակցությունների մասին օրենքին։

«Խորանալու թեմա» փոդքասթի նոր թողարկման մեջ լրագրողներ Արշալույս Բարսեղյանն ու Կարինե Ղազարյանը քննարկում են Հայաստանի կուսակցություններին առաջիկայում սպասվող լուրջ փոփոխությունները։ Նոր օրենքով Ազգային ժողովը փորձել է խթանել կուսակցությունների ստեղծումը, դրանց թափանցիկ աշխատանքը և կոռուպցիայի ռիսկերի նվազեցումը։ Եկեք հասկանանք, թե ինչն է փոխվել ու ինչն է կիրառվելու արդեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։


Կուսակցություն հիմնելու գործընթացը պարզեցվում է
Կուսակցությունը ոչ առևտրային կազմակերպություն է, որը ստեղծում են Հայաստանի քաղաքացիները երկու նպատակով։ Առաջինը, ընտրություններին մասնակցելն է, երկրորդը՝ որևէ այլ ձևով ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը նպաստելը։
Կուսակցություն ստեղծելու համար քաղաքացիները անցկացնում են հիմնադիր համագումար, որին, ըստ նոր փոփոխությունների՝ նախկին 100-ի փոխարեն պետք է մասնակցի առնվազն 300 հիմնադիր անդամ։ Չնայած հիմնադիրների թվի աճին, նոր փոփոխություններով կուսակցությունների գրանցումը հեշտացվել է։ Այժմ գրանցումը կատարվում է մեկ փուլով, նախկին երկփուլի փոխարեն։ Գրանցման պահին կուսակցությունը պետք է ունենա 300 անդամ նախկին 800-ի փոխարեն։ Այլևս չի գործում Երևանում և 3 կամ 4 մարզերում անդամների ներկայացվածության և տարածքային ստորաբաժանումների առկայության պահանջը։

Կուսակցություն գրանցելու համար քաղաքացիները դիմում են ներկայացնում Արդարադատության նախարարություն։ Գրանցումը կարող է մերժվել, եթե կուսակցության կանոնադրության կամ ծրագրի դրույթները ուղղված են սահմանադրական կարգի բռնի տապալմանը։


Գրանցման 1 փուլ՝
նախկին 2-ի փոխարեն
300 անդամ գրանցման պահին՝
800-ի փոխարեն
300 հիմնադիր անդամ՝
100-ի փոխարեն
Պարտադիր չէ Երևանում և
3-4 մարզերում անդամներ և
ստորաբաժանումներ ունենալ
Կուսակցությունների կառուցվածքը և գործունեությունը չի կարող հակասել ժողովրդավարական սկզբունքներին։ Արգելվում է խտրականությունը կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից։ Ինչպես նաև կուսակցության ներսում պետք է կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանում լինի։
Ի՞նչ չի կարելի կուսակցություններին
Կուսակցության անդամ չեն կարող լինել դատավորները, դատախազները, քննիչները ինչպես նաև իրենց լիազորությունների իրականացման ընթացքում Հանրապետության նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, Հաշվեքննիչ պալատի և Կենտրոնական բանկի խորհրդի անդամները։

Արգելվում են պետական կազմակերպություններում (օր․՝ քաղաքապետարան, մարզպետարան, դպրոց և այլն) կուսակցությունների ստորաբաժանումների տեղակայումը և հակառակը՝ պետական կազմակերպությունները չեն կարող գտնվել կուսակցություններին պատկանող շինություններում։ Մեկ այլ սահմանափակում էլ վերաբերում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց՝ նրանք չեն կարող իրենց ի պաշտոնե տրամադրված գույքն ու միջոցները օգտագործել ի շահ կուսակցության։

Կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել օրենքի կոպիտ խախտումների դեպքում և միայն Սահմանադրական դատարանի որոշմամբ։ Բայց եթե խախտումը վերացվում է, ապա կուսակցությունը կարող վերսկսել գործունեությունը։

Կուսակցության գործունեությունը կարող է առհասարակ արգելվել միայն մեկ դեպքում․ եթե այն քարոզում է սահմանադրական կարգի բռնի տապալում կամ բռնություն է կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով:

Որտեղի՞ց են կուսակցությունները
գումար ստանում
Կուսակցությունների եկամտի գլխավոր աղբյուրը, թերևս, նվիրատվություններն ու անդամավճարներն են։ Նոր փոփոխություններով պահանջվում է, որ մեկ տարում կուսակցությանը տրվող անդամավճարների, նվիրատվությունների և մուտքի վճարների ընդհանուր չափը չգերազանցի 500 միլիոն դրամը: Ընդ որում, մեկ ֆիզիկական անձի դեպքում այն տարեկան չպետք է գերազանցի 2,5 միլիոն դրամը։ Եթե կուսակցությունը օրենքով սահմանված առավելագույն չափը գերազանցող նվիրատվություն է ստանում, ապա թույլատրելի գումարը գերազանցող մասը պետք է վերադարձվի նվիրատուին, իսկ եթե դա հնարավոր չէ՝ փոխանցվի պետական բյուջե։ Պետական բյուջե են փոխանցվում նաև արգելված նվիրատվությունները։

Ի դեպ, արգելված նվիրատվություն է համարվում նաև կուսակցությանը հատուկ արտոնյալ պայմաններով վարկ տալը կամ ավանդ ձևակերպելը։ Նույնը վերաբերում է կուսակցության գույքի վաճառքին ու վարձակալությանը, եթե դրանց գինը շուկայականից տարբերվում է 20%-ը գերազանցող չափով։
Անդամավճարների, նվիրատվությունների և մուտքի վճարների ընդհանուր չափը չպետք է գերազանցի 500 մլն դրամը
Մեկ ֆիզիկական անձի տարեկան անդամավճարների, նվիրատվությունների և մուտքի վճարների չպետք է գերազանցի
2,5 մլն դրամը
Խախտումով ստացված նվիրատվությունը ամբողջությամբ կամ մասնակի պետք է հետ վերադարձվի կամ փոխանցվի պետբյուջե
Ոչ բոլորը կարող են նվիրատվություն կատարել կուսակցություններին։ «Չեն կարող»-ների ցուցակում են ցանկացած տեսակի իրավաբանական անձինք, օտարերկրյա պետությունները, պետական և համայնքային կազմակերպությունները։ Բացի այդ, կուսակցությունների նվիրատուները չեն կարող անանուն լինել, իսկ նոր օրենքի համաձայն՝ նրանք պետք է ներկայացնեն ոչ միայն իրենց անունն ու ազգանունը, այլև անձը հաստատող փաստաթղթի համարը։ 
Պետբյուջեից կուսակցություններին հատկացվող գումարը ավելանում է
Կուսակցություններին բյուջեից տրամադրվող ֆինանսավորումը նորություն չէ, բայց նոր փոփոխություններով այս գումարը շուրջ հինգ անգամ ավելանալու է։

Պետական ֆինանսավորումը կազմված է երկու մասից՝ ընդհանուր և նպատակային ֆինանսավորում։

Ըսդհանուր ֆինանսավորումը կազմելու է ֆինանսավորման գումարի 60%, իսկ նպատակայինը՝ 40%։ Ընդհանուր ֆինանսավորումը տրամադրվելու է նվազող զանդղակով, որպեսզի փոքր կուսակցությունները մեծ, հարուստ կուսակցություններից շատ հետ չմնան։

Պետական նպատակային ֆինանսավորումը տրվում է 3 ուղղություններով։ Առաջինը՝ կանանց, երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին կուսակցության գործունեության մեջ ներգրավելուն ուղղված միջոցառումներ համար։ Երկրորդ՝ այն կուսակցություններին, որոնք տարածքային ստորաբաժանումներ ունեն Հայաստանի մարզերի առնվազն կեսում։ Վերջապես՝ նպատակայն ֆինանսավորում տրվում է կուսակցության գաղափարախոսության, ծրագրային նպատակների և հանրային քաղաքականության հարցերի մասին հետազոտություններ իրականացնելու համար։


Նոր օրենքը փորձում է նվազեցնել կոռուպցիայի ռիսկերը
Նոր օրենքի համաձայն կուսակցությունները կարող են բանկային հաշիվներ ունենալ միայն Հայաստանում գործող լիցենզավորված բանկերում, և բոլոր գործարքները պետք է լինեն անկանխիկ։ Այսինքն՝ օրենքը արգելում է կոռուպցիայի շրջանառման ամենաօգտագործվող մեխանիզմներից մեկը՝ կանխիկ փողով գործարքները։ Օտերերկրյա բանկերում հաշիվներ ունեցող կուսակցությունները պետք է փակեն դրանք։

Փոխվում է կուսակցությունները վերահսկող մարմինը, առաջ դա Կենտրոնական ընտրական հանձնաժաղովի Վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն էր, իսկ հիմա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն (ԿԿՀ) է լինելու։ Կուսակցությունների ղեկավարները 2022 թ․ սկսած պետք է հայտարարագրեր ներկայացնեն ԿԿՀ։ Ավելին՝ կուսակցությունները պետք է ամեն տարի ԿԿՀ հաշվետվություն ներկայացնեն ֆինանսական միջոցների, ծախսերի, իրենց պատկանող գույքի և այդ ամենի ծագման աղբյուրների մասին։ Նախկինում էլ այս հաշվետվությունները պարտադիր էին, բայց նոր օրենքը ավելի մանրամասն է նշում, թե ինչ տեղեկություն պետք է պարունակի տարեկան հաշվետվությունը։

Այսպիսով՝ կուսակցությունների մասին նոր օրենքով լուծվում է մի քանի առանցքային խնդիր՝ կուսակցությունների գրանցումը դառնում է առավել հեշտ, ֆինանսավորման աղբյուրները՝ առավել թափանցիկ, խստացվում է հաշվետվողականությունը և վերահսկման գործընթացը, պատժամիջոցներ են ներդրվում։ Նվազել են նվիրատվությունների սահմանաչափերը։ Նոր փոփոխություններով այժմ կփորձեն խթանել կուսակցությունների գաղափարական գործունեությունը, սահմանափակել բիզնեսի և առանձին անհատների ազդեցությունը կուսակցություն վրա։

Իհարկե, օրենքը ամբողջովին ուժի մեջ կմտնի 2022 թվականից և առաջիկա արտահերթ ընտրությունների ժամանակ այս փոփոխությունների մեծ մասը դեռ չեն կիրառվի։ Բայց և այնպես այս օրենքը նախանշում է, թե ինչպիսին են լինելու խաղի կանոնները կուսակցությունների համար առաջիկայում։
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - 2021
մուլտիմեդիա հոդվածների շարք է, որը պատմում է Հայաստանի Ազգային Ժողովի  2021թ. արտահերթ ընտրություններին առնչվող օրենսդրական փոփոխություններին և կարևոր դրույթներին
«Արտահերթ բացատրություն» մուլտիմեդիա շարքը պատրաստել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը International Media Support կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվող «Նախընտրական տեղեկատվական աջակցություն» ծրագրի շրջանակում: Հրապարակման բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի International Media Support կազմակերպության տեսակետները:
Հեղինակներ
Արշալույս Բարսեղյան
Կարինե Ղազարյան
Խորհրդատու
Հասմիկ Սարդարյան
Պրոդյուսեր և դիզայներ
Նատալի Հարությունյան
Խմբագիր
Մանե Գրիգորյան
Նունե Սարգսյան
Նախագծի ղեկավար
Made on
Tilda