Եթե գոնե մեկ անգամ մասնակցել եք ընտրություններին, ապա հայտնվել եք քվեարկության սենյակում ու հանդիպել ընտրական գործընթացի մասնակիցներին՝ ընտրական հանձնաժողովի անդամներին, դիտորդներին, վստահված անձանց, այցելուներին, ԶԼՄ ներկայացուցիչներին, ոստիկաններին։

Ովքե՞ր են գործընթացին մասնակցող խմբերը, ի՞նչ դեր ունի նրանցից յուրաքանչյուրը․ սրանք ընդամենը հարցերից մի քանիսն են, որոնք փորձել ենք բացատրել։
ԶԼՄ ներկայացուցիչ
Լուսաբանում է ընտրությունները և այդպիսով հանրային վերահսկողություն իրականացնում։
Վստահված անձ
Վստահված անձը ներկայացնում է կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների շահերը։
Դիտորդ
Հետևում է ընտրության ընթացքին, դիտարկում այն, ընտրախախտումների դեպքում արձանագրում դրանք, որոնց հիման վրա էլ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունը կազմում է ընտրությունների վերաբերյալ իր անկախ զեկույցը։
Այցելու
Իրականացնում է ընտրական գործընթացի դիտարկում՝ հրավերի հիման վրա։
Քվեարկության սենյակ
Քվեարկությունն անցկացվում է քվեարկության սենյակում, որտեղ պետք է ապահովվի քվեարկության բնականոն ընթացքը։
Քվեարկության խցիկ
Ապահովում է քվեարկության ընտրական գործընթացի գաղտնիությունը։։
Տեղամասային ընտրական հանձնաժողով
Կազմակերպում է քվեարկությունը տվյալ ընտրատեղամասում, ամփոփում տեղամասի քվեարկության արդյունքները, կազմում քվեարկության արդյունքների ամփոփման արձանագրություն և ներկայացնում տարածքային ընտրական հանձնաժողով։
Ոստիկան
Ապահովում է ընտրությունների անցկացման բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովների ու դրանց անդամների անկաշկանդ գործունեությունը։
Սեղմեք հարցականներին և ճանաչեք հիմնական դերակատարներին
Տեղամասային ընտրական հանձնաժողով
Ի՞նչ լիազորություններ ունի տեղամասյին ընտրական հանձնաժողովը

Այս հանձնաժողովը կազմակերպում է քվեարկությունը տվյալ ընտրատեղամասում, քվեարկությունից հետո ամփոփում տեղամասում քվեարկության արդյունքները, կազմում է քվեարկության արդյունքների ամփոփման արձանագրություն և ներկայացնում տարածքային ընտրական հանձնաժողով։

Ինչպե՞ս են նշանակվում տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները

ԱԺ այս արտահերթ ընտրություններում յուրաքանչյուր տեղամասային ընտրական հանձնաժողով կազմված է 8 անդամից, որից երկուական անդամ նշանակել են ԱԺ 3 խմբակցությունները, իսկ երկու անդամի՝ նշանակել է տարածքային ընտրական հանձնաժողովը։

Նախագահն ու քարտուղարը ևս նշանակվում են տարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ, որպես կանոն, հանձնաժողովում կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների նշանակած անդամներից։
Դիտորդ
Ո՞վ է դիտորդը

Բառն արդեն հուշում է․ նա դիտում է, հետևում ընտրության ընթացքին, հավաքում է ընտրախախտումների վերաբերյալ տեղեկություններ, ու դրանց հիման վրա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունը կազմում է ընտրությունների վերաբերյալ իր անկախ զեկույցը, ինչն էլ օգնում է հասկանալ, թե որքանով են ընտրությունները համապատասխանել սահմանված նորմերին։
Դիտորդը պետք է չեզոքություն պահպանի և գնահատի ընտրությունների օրինականությունը՝ անկախ քվեարկության արդյունքներից։ Նա իրավունք չունի միջամտել ընտրական հանձնաժողովի աշխատանքներին, քվեարկության ընթացքին կամ ուղղորդել ընտրողներին։

Ի՞նչ կարող է անել դիտորդը

Դիտորդն իրավունք ունի ազատ տեղաշարժվել քվեարկության սենյակում, դիտարկել քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, ընտրողների ցուցակներն ու քվեատուփը։

Դիտորդը սահմանված կարգով կարող է հետևել նաև քվեաթերթիկներիև ինքնասոսնձվող դրոշմանիշների տպագրման, փոխադրման, պահպանման և հաշվարկման գործընթացներին, օրինակ՝ կարող է վերահսկել քվեաթերթիկների տպագրությունն ու դրանց տեղափոխումը։

Բացի այդ, նա կարող է ծանոթանալ, ներառյալ՝ լուսանկարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, տարածքային ընտրական հանձննաժողովի, տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրական փաստաթղթերին, կատարել քաղվածքներ ու ստանալ պատճեններ, բացառությամբ ընտրողների ստորագրված ցուցակների և քվեարկության կտրոնների։ Դիտորդն իրավունք ունի նաև լուսանկարել և տեսանկարահանել քվեարկության ընթացքը և հանձնաժողովի նեիստերը, այդ թվում՝ արդյունքների ամփոփման նիստը։ Դիտորդը կարող է կիրառել հանրային վերահսկողություն իրականացնելու բոլոր անհրաժեշտ միջոցները։

Դիտորդներն իրենց մոտ սովորաբար ունենում են հարցաշար, որի հիման վրա քվեարկության ընթացքում արձանագրում են խախտումներն ու օրվա ընթացքում տեղի ունեցած ընրտախախտումների մասին տեղեկություններն ուղարկում են իրենց համակարգողներին։
սեփական փորձից
Քվեարկության օրը տնից դուրս գալիս՝ տնեցիներին ասում եմ՝ կեսգիշերից շուտ մի՛ սպասեք ինձ։ Առաջին անգամ, ՏԻՄ ընտրությունների դիտարկումից հետո հաջորդ օրը առավոտյան վեցին տուն եկա․ ավագանու անդամի 35 թեկնածու կար։

Դիտորդները միշտ չէ, որ հնարավորություն են ունենում քվեարկելու։ Չեն հասցնում քվեարկել, քանի որ այլ ընտրատեղամասում են դիտարկում իրականացնում։ Եվ շատերը երևի համարում են, որ որպես դիտորդ քաղաքացիական պարտքը կատարելը հաճախ ավելի կարևոր է, քան իրենց քվեն:
Անժելա Ամիրջանյան
«Ականատես» դիտորդական առաքելության դիտորդ և համակարգող


Ովքե՞ր ունեն դիտորդ լինելու իրավունք․
միջազգային կազմակերպություն ներկայացնելը պարտադի՞ր է

Դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեն թե՛ ՀՀ հասարակական կազմակերպությունները, թե՛ միջազգային ու օտարերկրյա հասարակական կազմակերպությունները։ Բայց պարտադիր է, որ կազմակերպության կանոնադրական նպատակները ներառեն ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերը։

Ինչպե՞ս տարբերել դիտորդին

Դիտորդները հավատարմագրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից։ Քվեարկության սենյակում ներկա դիտորդը պարտավոր է տեսանելի ձևով վերնազգեստի վրա կրել ԿԸՀ-ի կողմից տրված վկայականը:

Քանի՞ դիտորդ կարող է ներկա լինել քվեարկության սենյակում

Քվեարկության սենյակում կարող են ներկա լինել միջազգային կազմակերպությունից մինչև 2 դիտորդ և մեկ թարգմանիչ, տեղական կազմակերպությունից՝ 1 դիտորդ։ Իսկ թե որ դիտորդը որ ընտրատեղամասում պետք է ներկա լինի, որոշում են դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները։

Ի՞նչ է անում դիտորդը, երբ նկատել է քվեարկության կարգի խախտում

Քվեարկության կարգի խախտում նկատելու դեպքում դիտորդը կարող է պահանջել, որ իր գնահատականն արձանագրվի տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում։ Բացի այդ, կարող է հրապարակայնորեն կարծիք հայտնել, անել հայտարարություններ իր նկատած ընտրախախտուների վերաբերյալ: 
Այցելու 
Ո՞վ է այցելուն և ինչո՞վ է տարբերվում դիտորդից

Այցելուի կարգավիճակ ունեցող անձինք նույնպես կարող են ընտրական գործընթացի դիտարկում իրականացնել։ Նրանք ևս ստանում են կարգավիճակը հաստատող վկայական և ունեն գրեթե նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչ դիտորդները։ Սակայն, ի տարբերություն դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների, այցելուները ընտրությունների վերաբերյալ զեկույց չեն ներկայացնում։

Ովքե՞ր կարող են դառնալ այցելու

Այցելուներն իրականացնում են ընտրական գործընթացի դիտարկում՝ հրավերի հիման վրա։

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների աշխատակիցներին հրավեր է ուղարկում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Իսկ այլ պետությունների ընտրական մարմինների ներկայացուցիչներին հրավիրում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:
Վստահված անձ
Ո՞վ է վստահված անձը

Վստահված անձը ներկայացնում է կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների շահերը և, ի տարբերություն դիտորդի, շահագրգիռ կողմ է։

Եթե շահագրգիռ կողմ է, կարո՞ղ է ուղղորդել և քարոզչություն իրականացնել

Քվեարկության օրը քարոզչություն իրականացնելու իրավունք չունի ոչ ոք և վստահված անձը բացառություն չէ։ Վստահված անձը իրավունք չունիմիջամտել քվեարկության ընթացքին։ Վստահված անձն իրավունք չունի նաև միջամտել ընտրական հանձնաժողովի աշխատանքին կամ նրանց ցուցումներ տալ։

Քանի՞ վստահված անձ կարող է ներկա լինել քվեարկության սենյակում

ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովի նիստին և քվեարկության սենյակում կարող է ներկա գտնվել յուրաքանչյուր կուսակցության կամ դաշինքի 2 վստահված անձ։

Ի՞նչ կարող է անել վստահված անձը

Հանձնաժողովի նիստերի ժամանակ վստահված անձն ունի խորհրդակցական ձայնի իրավունք։

Ինչպես դիտորդը, վստահված անձը ևս իրավունք ունի շրջել քվեարկության սենյակում, տեսանկարահանել, լուսանկարել, ծանոթանալ ԿԸՀ փաստաթղթերին, կատարել քաղվածքներ ու ստանալ պատճեններ, հետևել քվեարթերթիկներիև ինքնասոսնձվող դրոշմանիշների տպագրման, փոխադրման, պահպանման և հաշվարկման գործընթացներին։

Կարող է արդյո՞ք վստահված անձը ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում ներկայացնել

Վստահված անձն իրավունք ունի ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում ներկայացնել, եթե քվեարկության օրը ներկա է գտնվել քվեարկության սենյակում կամ մասնակցել է տեղամասային ընտրական հանձնաժողովի արդյունքների ամփոփման նիստին։

Բացի այդ, եթե նա կարծում է, որ տեղի է ունեցել քվեարկության կարգի խախտում, ապա իրավունք ունի պահանջելու, որ իր գնահատականն արձանագրվի տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում։
սեփական փորձից
2015-ին ես վստահված անձ էի Սահմանադրության հանրաքվեի ժամանակ և մեր ընտրատեղամասում քվեատուփը գողացան։ Արձանագրություններ կազմելու պահին նախագահն անհետացավ, հետո եկավ և սկսեց լրիվ խեղաթյուրված թվեր ներկայացնել արձանագրության մեջ։ Ես չթողեցի, որ արձանագրությունը կազմեն, հանձնաժողովի նախագահն էլ վերցրեց քվեատուփը և շենքից մեքենայով հեռացավ։

Մենք դատական հայց ներկայացրինք, և քանի որ ամբողջ գործընթացը ձայնագրել և տեսանկարահանել էի, փաստացի կարողացանք ապացուցել, որ թվերը փոխվել էին։ Երեք տարվա պայմանական կալանք տվեցին այդ մարդուն:
Անի Թովմասյան
վստահված անձ


ԶԼՄ ներկայացուցիչ
Ի՞նչ դեր ունի լրատվամիջոցը ընտրական գործընթացում

Լրատվամիջոցը քաղաքացիների տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքի երաշխավորն է և ընտրական գործընթացում առանցքային դերակատարում ունի։
ԶԼՄ-ները լուսաբանում են ընտրությունները և այդպիսով հանրային վերահսկողություն են իրականացնում, բայց, ի տարբերություն դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների, զեկույց չեն ներկայացնում։

Քանի լրագրող կարող է ներկա գտնվել քվեարկության սենյակում

Քվեարկության սենյակում միաժամանակ ներկա գտնվելու իրավունք ունեն լրատվամիջոց ներկայացնող ՄԵԿ ԼՐԱԳՐՈՂ և ՄԵԿ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ կամ տեսաձայնագրման ՄԵԿ ՕՊԵՐԱՏՈՐ:

Եթե տեսանկարահանում է, ուրեմն լրագրո՞ղ է։ Ինչպե՞ս տարբերել լրատվամիջոցին

Քվեարկության օրը ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում կարող են իրականացնել միայն ԿԸՀ-ի կողմից հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչները։ Լրագրողը պետք է տեսանելի ձևով վերնազգեստի վրա կրի համապատասխան վկայականը։

Իսկ լուսանկարել ու տեսանկարել կարող են նաև դիտորդներն ու վստահված անձինք։

ԶԼՄ ներկայացուցչի իրավունքները

Հավատարագրված ԶԼՄ ներկայացուցիչներն իրավունք ունեն ներկա գտնվել ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում՝ նաև քվեարկության սենյակում։

Ինչպես դիտորդն ու վստահված անձը, ԶԼՄ ներկայացուցիչը ևս իրավունք ունի
ազատ տեղաշարժվել քվեարկության սենյակում, դիտարկել քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, ընտրողների ցուցակներն ու քվեատուփը։ Ցանկության դեպքում, ԿԸՀ սահմանված կարգով կարող է հետևել քվեաթերթիկների և ինքնասոսնձվող դրոշմանիշների տպագրման, փոխադրման, պահպանման և հաշվարկման գործընթացներին։

Անհրաժեշտության դեպքում լրագրողն իրավունք ունի նաև ծանոթանալ ԿԸՀ, տարածքային ընտրական հանձնաժողովի և տեղամասային ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին և ինքնուրույն կատարել քաղվածքներ, ստանալ պատճեններ։
ԶԼՄ ներկայացուցիչը կարող է հրապարակայնորեն կարծիք հայտնել, հայտարարություն անել ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ:

ԶԼՄ ներկայացուցիչն իրավունք չունիմիջամտել ընտրական հանձնաժողովի աշխատանքներին և քվեարկության ընթացքին, ընտրական հանձնաժողովի անդամներին տալ ցուցումներ, ներկայացնել պահանջներ, իրականացնել քարոզչություն։

Լրագրողները խորհուրդ են տալիս հիշել ԿԸՀ մամլո խոսնակի կամ թեժ գծերի հեռախոսահամարները որոշ հարցերի դեպքում արագ պատասխան ստանալու համար։

Իսկ աշխատանքի խոչընդոտման դեպքում կարևոր է ձայնագրել կամ տեսագրել միջադեպը հետագայում ապացույցներ ունենալու համար։

Կարո՞ղ է լրագրողը հարցնել, թե ում եմ ընտրելու

Քվեարկության օրը որևէ մեկն իրավունք չունի ընտրողից տեղեկանալու, թե ինչպես է քվեարկել, իսկ ընտրողն, իր հերթին, իրավունք չունի տեղամասային կենտրոնում հայտարարելու, թե ինչպես է քվեարկել։
սեփական փորձից
Քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ կփորձեն ձեր ուշադրությունը շեղել կամ իբր տեղեկություն փոխանցելու համար մի կողմ կանչել, երբեք մի հեռացեք։ Ձեզ անգամ կարող են հրավիրել խորոված կամ բրդուճ ուտելու, նույնիսկ եթե շատ սոված եք՝ հրաժարվեք։
Տեղամասային կենտրոն գնալուց առաջ վերստին ընթերցեք օրենքի պահանջը՝ ինչ դիրքով պետք է լինեն քվեախցերը, քվեատուփի կնիքը դրված է, թե ոչ, եւ ընդհանրապես՝ ինչն է համարվում խախտում, որպեսզի կարողանաք ճիշտ տեղեկատվություն փոխանցել լսարանին։

Պետք է ուշադրության ներքո պահել մասնակից ուժերի շտաբները, և, եթե հնարավոր է, թաղային հեղինակություններին:
Կարինե Ասատրյան
լրագրող
Ոստիկան
Ի՞նչ դեր ունի ոստիկանը քվեարկության օրը

Ոստիկանության կենտրոնական և տարածքային մարմինները, դրանց ծառայություններն ու ստորաբաժանումները պարտավոր են ապահովել ընտրությունների անցկացման բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովների ու դրանց անդամների անկաշկանդ գործունեությունը:

Արդյո՞ք ոստիկանն իրավունք ունի գտնվել տեղամասային կենտրոնում

Եթե վտանգվում է քվեարկության բնականոն ընթացքը կամ հանցագործություն է տեղի ունենում, հանձնաժողովի նախագահը դիմում է ոստիկանին։ Այս դեպքում ոստիկանը իրավունք ունի հայտնվել տեղամասային կենտրոնում և սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել։

Մնացած դեպքերում ոստիկանները պահպանում են հասարակական կարգը տեղամասային կենտրոնի տարածքում։Նրանք մասնավորապես վերահսկում են, որպեսզի քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շառավիղով մարդկային խմբերի կամ մեքենաների կուտակումներ չլինեն։

Քանի՞ ոստիկան կարող է ներկա լինել մեկ տեղամասային կենտրոնում

Օրենքով ոստիկանների քանակ նախատեսված չէ։ Սովորաբար ոստիկանությունը յուրաքանչյուր ընտրական տեղամասի համար գործուղում է երկու կամ երեք ծառայություն իրականացնող ոստիկանների։
Քվեարկության սենյակը․ ի՞նչ չափորոշիչներ կան
Քվեարկության սենյակը պետք է լինի ընդարձակ և ապահովի տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների և այնտեղ ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց բնականոն աշխատանքը։ Նրանք պետք է բավարար տեսադաշտ ունենան և կարողանան տեսնել տեխնիկական սարքավորումները, քվեատուփը, քվեարկության խցիկները և դրանցից մինչև քվեատուփն ընկած հատվածը։ 
Սենյակում տեղադրված տեսանկարահանող սարքերը պետք է քվեարկության խցիկներից հեռու լինեն, որպեսզի չխախտվի քվեարկության գաղտնիությունը։
Քվեարկության խցիկ․ ինչի՞ն ուշադրություն դարձնել
Գաղտնիությունը կարևոր սկզբունք է ընտրական գործընթացում, որի ապահովման են ծառայում քվեարկության խցիկները և դրանց՝ միմյանցից հեռու՝ առնվազն մեկ մետր հեռավորությամբ տեղադրելը, բայց այնպես, որ խցիկում քվեարկողը դեմքով լինի դեպի հանձնաժողովն ու թիկունքով՝ դեպի պատը։ Քվեարկության խցիկներն, իրենց հերթին, պետք է հեռու գտնվեն տեսախցիկներից։

Դրանք պետք է լինեն լուսավորված և ունենան չօգտագործված քվեաթերթիկների արկղ։

Նախկինում այստեղ պետք է տեղադրված լինեին գրիչներ։ Այժմ գրիչ օգտագործելու կարիք չկա։ Քվեարկելու համար բավարար է ընտրել նախընտրելի կուսակցության կամ դաշինքի քվեաթերթիկը, առանց ծալելու դնել ծրարի մեջ և նետել քվեատուփի մեջ։ Ի դեպ, գրիչով քվեաթերթիկի վրա նշում անելը անվավեր կդարձնի այն։
Այս հոդվածը
«Արտահերթ բացատրություն․
2021թ․ ԱԺ ընտրությունները
մեկնարկից մինչև նոր խորհրդարան»
նախագծի հինգ բացատրական նյութերից մեկն է։ Նախագծի մյուս հոդվածները կարող եք կարդալ այստեղ.
«Արտահերթ բացատրություն» մուլտիմեդիա շարքը պատրաստել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը International Media Support կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվող «Նախընտրական տեղեկատվական աջակցություն» ծրագրի շրջանակում: Հրապարակման բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի International Media Support կազմակերպության տեսակետները:
Հեղինակներ
Մարինե Քոչարյան
Նարինե Սաֆարյան
Խորհրդատու
Հասմիկ Սարդարյան
Պրոդյուսեր և դիզայներ
Նատալի Հարությունյան
Խմբագիր
Մանե Գրիգորյան
Նունե Սարգսյան
Նախագծի ղեկավար
Իլուստրատոր
Արթուր Զախարյան
Made on
Tilda