Նոր օրենքի համաձայն` կուսակցությունները կարող են բանկային հաշիվներ ունենալ միայն Հայաստանում գործող լիցենզավորված բանկերում, և բոլոր գործարքները պետք է լինեն անկանխիկ։ Այսինքն՝ օրենքը արգելում է կոռուպցիայի շրջանառման ամենաօգտագործվող մեխանիզմներից մեկը՝ կանխիկ փողով գործարքները։ Օտերերկրյա բանկերում հաշիվներ ունեցող կուսակցությունները պետք է փակեն դրանք։
Փոխվում է կուսակցությունները վերահսկող մարմինը, առաջ դա Կենտրոնական ընտրական հանձնաժաղովի Վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն էր, իսկ հիմա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն (ԿԿՀ) է լինելու։ Կուսակցությունների ղեկավարները 2022 թ․ սկսած պետք է հայտարարագրեր ներկայացնեն ԿԿՀ։ Ավելին՝ կուսակցությունները պետք է ամեն տարի ԿԿՀ հաշվետվություն ներկայացնեն ֆինանսական միջոցների, ծախսերի, իրենց պատկանող գույքի և այդ ամենի ծագման աղբյուրների մասին։ Նախկինում էլ այս հաշվետվությունները պարտադիր էին, բայց նոր օրենքը ավելի մանրամասն է նշում, թե ինչ տեղեկություն պետք է պարունակի տարեկան հաշվետվությունը։
Այսպիսով՝ կուսակցությունների մասին նոր օրենքով լուծվում է մի քանի առանցքային խնդիր՝ կուսակցությունների գրանցումը դառնում է առավել հեշտ, ֆինանսավորման աղբյուրները՝ առավել թափանցիկ, խստացվում է հաշվետվողականությունը և վերահսկման գործընթացը, պատժամիջոցներ են ներդրվում։ Նվազել են նվիրատվությունների սահմանաչափերը։ Նոր փոփոխություններով այժմ կփորձեն խթանել կուսակցությունների գաղափարական գործունեությունը, սահմանափակել բիզնեսի և առանձին անհատների ազդեցությունը կուսակցություն վրա։
Իհարկե, օրենքը ամբողջովին ուժի մեջ կմտնի 2022 թվականից և առաջիկա արտահերթ ընտրությունների ժամանակ այս փոփոխությունների մեծ մասը դեռ չի կիրառվի։ Բայց և այնպես այս օրենքը նախանշում է, թե ինչպիսին են լինելու խաղի կանոնները կուսակցությունների համար առաջիկայում։