ԶԼՄ ներկայացուցիչ
Ի՞նչ դեր ունի լրատվամիջոցը ընտրական գործընթացում
Լրատվամիջոցը քաղաքացիների տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքի երաշխավորն է և ընտրական գործընթացում առանցքային դերակատարում ունի։
ԶԼՄ-ները լուսաբանում են ընտրությունները և այդպիսով հանրային վերահսկողություն են իրականացնում, բայց, ի տարբերություն դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների, զեկույց չեն ներկայացնում։
Քանի լրագրող կարող է ներկա գտնվել քվեարկության սենյակում
Քվեարկության սենյակում միաժամանակ ներկա գտնվելու իրավունք ունեն լրատվամիջոց ներկայացնող ՄԵԿ ԼՐԱԳՐՈՂ և ՄԵԿ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ կամ տեսաձայնագրման ՄԵԿ ՕՊԵՐԱՏՈՐ:
Եթե տեսանկարահանում է, ուրեմն լրագրո՞ղ է։ Ինչպե՞ս տարբերել լրատվամիջոցին
Քվեարկության օրը ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում կարող են իրականացնել միայն ԿԸՀ-ի կողմից հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչները։ Լրագրողը պետք է տեսանելի ձևով վերնազգեստի վրա կրի համապատասխան վկայականը։
Իսկ լուսանկարել ու տեսանկարել կարող են նաև դիտորդներն ու վստահված անձինք։
ԶԼՄ ներկայացուցչի իրավունքները
Հավատարագրված ԶԼՄ ներկայացուցիչներն իրավունք ունեն ներկա գտնվել ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում՝ նաև քվեարկության սենյակում։
Ինչպես դիտորդն ու վստահված անձը, ԶԼՄ ներկայացուցիչը ևս իրավունք ունի
ազատ տեղաշարժվել քվեարկության սենյակում, դիտարկել քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, ընտրողների ցուցակներն ու քվեատուփը։ Ցանկության դեպքում, ԿԸՀ սահմանված կարգով կարող է հետևել քվեաթերթիկների և ինքնասոսնձվող դրոշմանիշների տպագրման, փոխադրման, պահպանման և հաշվարկման գործընթացներին։
Անհրաժեշտության դեպքում լրագրողն իրավունք ունի նաև ծանոթանալ ԿԸՀ, տարածքային ընտրական հանձնաժողովի և տեղամասային ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին և ինքնուրույն կատարել քաղվածքներ, ստանալ պատճեններ։
ԶԼՄ ներկայացուցիչը կարող է հրապարակայնորեն կարծիք հայտնել, հայտարարություն անել ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ:
ԶԼՄ ներկայացուցիչն իրավունք չունիմիջամտել ընտրական հանձնաժողովի աշխատանքներին և քվեարկության ընթացքին, ընտրական հանձնաժողովի անդամներին տալ ցուցումներ, ներկայացնել պահանջներ, իրականացնել քարոզչություն։
Լրագրողները խորհուրդ են տալիս հիշել ԿԸՀ մամլո խոսնակի կամ թեժ գծերի հեռախոսահամարները որոշ հարցերի դեպքում արագ պատասխան ստանալու համար։
Իսկ աշխատանքի խոչընդոտման դեպքում կարևոր է ձայնագրել կամ տեսագրել միջադեպը հետագայում ապացույցներ ունենալու համար։
Կարո՞ղ է լրագրողը հարցնել, թե ում եմ ընտրելու
Քվեարկության օրը որևէ մեկն իրավունք չունի ընտրողից տեղեկանալու, թե ինչպես է քվեարկել, իսկ ընտրողն, իր հերթին, իրավունք չունի տեղամասային կենտրոնում հայտարարելու, թե ինչպես է քվեարկել։