✅ Կարող է
Յուրաքանչյուր ընտրության ժամանակ անձը կարող է քվեարկել
միայն իր անունից և միայն մեկ անգամ: Ուրիշ որևէ մեկի փոխարեն քվեարկելը կամ մի քանի անգամ քվեարկելը ընտրախախտում է։ ԿԸՀ-ն
տեսանյութ է հրապարակել՝ մանրամասն բացատրելով քվեարկության կարգը։
Քվեարկությունն անցկացվում է ժամը 8.00-ից մինչև 20.00-ն և միայն ՀՀ տարածքում կազմավորված տեղամասային կենտրոններում։ Ժամը 20.00-ին քվեարկության սենյակում գտնվող, բայց դեռևս չքվեարկած ընտրողները քվեարկելու իրավունք ունեն:
Քվեարկության պետք է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, այսինքն՝ թղթային անձնագրով, կենսաչափական անձնագրով, նույնականացման քարտով կամ անձը հաստատող փաստաթղթին փոխարինող ժամանակավոր փաստաթղթով։
Անձը հաստատող փաստաթղթի
վավերականության ժամկետի լրանալը հիմք չէ ընտրողին քվեարկության չթողնելու համար՝ բացառությամբ այն դեպքի, երբ տեխնիկական սարքավորման մեջ առկա տեղեկություններից պարզվում է, որ ընտրողն ունի այլ՝ վավերականության ժամկետը չլրացած փաստաթուղթ: Այս դեպքում սարքավորման էկրանին վառվում է դեղին լույսը, ընտրողը չի զրկվում քվեարկելու իրավունքից, բայց քվեարկությանը մասնակցելու համար պետք է ներկայացնի իր անձը հաստատող այն փաստաթուղթը, որը վավեր է։
Եթե ընտրողը կարծում է, որ վնասել է քվեաթերթիկը,
կարող է դիմել հանձնաժողովի նախագահին` նոր քվեաթերթիկներ ստանալու համար: Այս դեպքում հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ ընտրողին հատկացվում է ընտրությունների մասնակցող յուրաքանչյուր կուսակցության մեկական նոր քվեաթերթիկ: Վնասված քվեաթերթիկը անհապաղ մարվում է:
Քվեարկության բնականոն ընթացքի վտանգման դեպքում (օրինակ՝ վեճերի, բռնության կիրառման և այլն)
տեղամասային կենտրոն զենքով մուտք գործել կարող են միայն ոստիկանները` տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ:
🚫 Չի կարող
Ընտրություններն անցկացվում են ազատության և կամավորության սկզբունքների հիման վրա:
Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու ընտրողին քվեարկելու որևէ թեկնածուի (կուսակցության) օգտին կամ դեմ, ինչպես նաև հարկադրելու ընտրողին մասնակցելու կամ չմասնակցելու ընտրություններին:
Ընտրողի համար քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն: Ընտրողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողությունն արգելվում է:
Արգելվում է որևէ ձևով տեղեկանալ, թե ընտրողն ինչպես է քվեարկում:
Ընտրողն էլ իր հերթին իրավունք չունի տեղամասային կենտրոնում հայտարարելու, թե ինչպես է քվեարկել: Քվեարկության գաղտնիությունը բացահայտելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։
Արգելվում է տեղամասային կենտրոն զենքով, զինամթերքով մուտք գործելը: Ուժայինների ներկայացուցիչները՝ զինծառայողները, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում ծառայողները նույնպես տեղամասային կենտրոն են մտնում առանց զենքի և զինամթերքի: Զենքով տեղամաս ցուցադրաբար և առանց ծառայողական անհրաժեշտության մուտք գործելու համար նախատեսված է ազատազրկում` մեկից երեք տարի ժամկետով։
Ընտրողը քվեարկությանը մասնակցում է անձամբ.
լիազորված քվեարկությունն արգելվում է:
Եթե ընտրողը ներկայացրել է այլ մարդու անձը հաստատող փաստաթուղթ, ապա մասնագետն այդ մասին տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին և նրան հանձնում քաղաքացու անձնագիրը: Հանձնաժողովի նախագահը քվեարկության սենյակ է հրավիրում ոստիկանին և հանձնում անձնագիրը՝ հանգամանքները պարզելու համար։ Գուցե դրանում չկա դիտավորություն․ լինում են իրավիճակներ, երբ ընտրողը պարզապես շփոթելով բերում է ընտանիքի մեկ այլ անդամի անձնագիրը։
Եթե տեխնիկական սարքավորման էկրանին վառվում է կարմիր լույսը, նշանակում է, որ ընտրողն իր անձը հաստատող որևէ փաստաթղթով արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը կամ փորձում է քվեարկել այլ անձի փոխարեն։ Այս դեպքում հանձնաժողովի նախագահը կրկին քվեարկության սենյակ է հրավիրում ոստիկանին և ընտրողի անձնագիրը հանձնում նրան։ Նման դեպքերում նախատեսված է քրեական պատասխանատվություն՝ 500-700 հազար դրամ տուգանք կամ ազատազրկում՝ երկուսից երեք տարի ժամկետով:
Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ հանձնաժողովի անդամներից մեկը ընտրողին տրամադրում է ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության մեկական քվեաթերթիկ և քվեարկության մեկ ծրար:
Ընտրողը չի կարող հրաժարվել բոլոր քվեաթերթիկները ստանալուց, քանի որ դա կարող է բացահայտել քվեարկության գաղտնիությունը։